Հայեցակարգ

«Ծաղկունքի բաց դպրոց» ծրագրի հայեցակարգ

Ծրագրի առաքելությունը
Առաջարկվող դպրոցի մոդելը սոցիալ-մանկավարժական, սոցիալ-մշակութային համակարգ է, որը ապահովում է դպրոցի սովորողների և համայնքի երիտասարդների առավել ամբողջական և բազմակողմանի զարգացումը, մեծահասակների ուսուցումը, ինչպես նաև կազմակերպում է գյուղի սոցիալ-մշակութային կյանքը:
Գյուղում մշակութային, կրթական, ժամանցային օջախների բացակայության պայմաններում «Բաց դպրոցը»  դառնում է համայնքի սոցիալ-մշակութային եւ կրթական կենտրոնը եւ սովորողների ուսումնական օրվանից հետո ծառայում է բնակիչների կրթական, մշակութային, սպորտային պահանջմունքների բավարարմանը:
Ծրագրի նպատակն է պայմանաների ստեղծումը, որոնք ուղղված են գյուղում կրթա-մշակութային այնպիսի միջավայրի ապահովմանը, որը դպրոցի շրջանավարտին կդարձնի սոցիալական եւ գործարար միջավայրի  կիրթ, մրցունակ անդամ` ընդունակ բարիքներ ստեղծելու եւ բարեկեցիկ ապրելու հայրենի հողի վրա,  կպահպանի նրա մոտ գյուղական համայնքի անդամի բարոյա-հոգեբանական հիմքերը և միաժամանակ հնարավորություն կտա հեշտությամբ իր տեղը գտնել ժամանակակից տեղեկատվական աշխարհում:
«Բաց դպրոցը» առաջարկվող մոդելը կիրառելի կլինի նաև Հայաստանի այլ գյուղական համայնքների համար:

Իրավիճակի նկարագրություն
Ծաղկունք գյուղը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում` Գեղարքունիքի մարզում: Արևմուտքից այն հարակից է Դդմաշեն, հարավից` Գեղամավան, հարավ-արևելքից` Ծովագյուղ գյուղերին, իսկ հյուսիս-արևմուտքից` Դիլիջան ազգային արգելոցին: Համայնքի վարչական տարածքը գտնվում է ծովի մակարդակից 1835-2100 մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոն Գավառից, Երևանից, Սևանից և Հրազդանից համապատասխանաբար  50, 60, 7 և  11 կմ է:
Համաձայն գյուղաբնակների վկայությունների` գյուղի ներկայիս բնակիչների նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից: 1828թ-ին Ծաղկունքը բնակեցվել է Մակու, Մուշ և Վան բնակավայրերից եկած գաղթականներով: Ի տարբերություն մարզի այլ բնակավայրերի, Ծաղկունքի խոսակցական բարբառը զգալիորեն մոտ է գրական հայերենին, ինչը համայնքի բնակիչներին թույլ է տալիս ավելի հեշտությամբ հարմարվել միջավայրի, աշխատանքի վայրի և այլ փոփոխություններին:
Գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Այստեղ  մշակվում են նաեւ հացահատիկային մշակաբույսեր, կարտոֆիլ և ոչ մեծ տարածքների վրա՝ բազմամյա խոտաբույսեր: Մի շարք տնային տնտեսություններ զբաղվում են նաեւ մեղվաբուծությամբ:
Ծաղկունք գյուղը  հեռու է տնտեսական, մշակութային կենտրոններից, ինչը ձևավորում է  կյանքի և կենցաղի ինքնավար և փակ համակարգը, նեղացնում է սոցիալական հարաբերությունների շրջանակը, օտարում է գյուղացուն  ժամանակակից  տեխնոլոգիաներից, տնտեսավարման արդի մեթոդներից, մշակույթից, կենցաղից:  Ծաղկունքում չկան մշակութային օջախներ և ժամանցի վայրեր:
2004 թ.   «ԴԱՐ» հիմնադրամը իրականացնում է գյուղում մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրեր, որոնց նպատակը արդիական համայնքի ստեղծումն է: Այդ ծրագրերի բաղկացուցիչ մասն է նաև ժամանակակից գյուղական դպրոցի ստեղծումն է:

Ծաղկունքի միջնակարգ դպրոցը

Դեռևս 1894 թ-ից Ծաղկունք գյուղի եկեղեցուն կից գործել է տարրական դպրոցը, որը 1906 թվականից դարձել է 5-ամյա: Այնուհետև 1939թ-ին այն դարձել է 9, ապա 8 ամյա` կից ունենալով նաև մանկապարտեզ, որն այսօր չի գործում: Գյուղի դպրոցը միջնակարգ է դարձել  1994թ-ին:
2006-2007 թթ.   «ԴԱՐ»  հիմնադրամի միջոցներով դպրոցը հիմնովին վերանորոգվել է: Կառուցվել է նոր կաթսայատուն, երկհարկանի շենքին ավելացվել է երրորդ հարկը իր հարմարավետ բազմաֆունկցիոնալ դահլիճով, կահավորվել են բոլոր դասասենյակները, ստեղծվել է համակարգչային դասարան 8 համակարգիչներով եւ այլ մեդիա սարքերով: Այս տարի ԴԱՐ հիմնադրամը նվիրել է դպրոցին երկու ժամանակակից էլեկտրոնային գրատախտակ, չորս համակարգիչ, թվային ֆոտոխցիկներ եւ այլ մեդիա սարքեր: Դպրոցն ապահովված է    «Օրանժ Արմենիա» ընկերութան կողմից տրամադրած որակյալ ինտերնետ կապով: Դպրոցում այժմ սովորում է 140 աշակերտ: Մանկավարժական կոլեկտիվը բաղկացած է 24 ուսուցչից, որոնցից 10-ը գյուղի բնակիչներ են: «ԴԱՐ» հիմնադրամի կողմից գյուղում իրականացվող ծրագրերի (որոնց թվում է նաեւ հասցեագրված օգնությունը նորածիններին, նոր աշխատատեղերի ստեղծումը) շնորհիվ ձեւավորվում է ժողովրդագրական բարենպաստ իրավիճակ: 2011-2012 ուստարում դպրոցում սկսել են գործել մեդիայի, պարի և ֆուտբոլի խմբակները: Նախատեսվում է նաեւ այլ  խմբակների գործունեություն, անգլերեն լեզվի խորացված ուսուցման դասընթացներ:

Ծրագրի նկարագիրը

Առաջարկվող ծրագիրը վերաբերում է ոչ միայն գյուղի դպրոցին, այլ ընդգրկում է ամբողջ գյուղի ճակատագիրը: Դպրոցը գյուղում ոչ միայն կրթական հաստատություն է, այլ գյուղական կյանքի և գյուղի վիճակի վերափոխման կարևոր ազդակ:
«Բաց դպրոցը» իրականացնում է երեխաների, երիտասարդների, ընտանիքի շահերի պաշտպանություն, գյուղում ստեղծում է սոցիալ-մանկավարժական համակարգ, օգնում է վերացնել ընտանիքի և դպրոցի միջև գոյություն ունեցող հակասությունները, մեծերի և երեխաների միջև գոյություն ունեցող հոգեբանական պատնեշը: Գյուղական միջավայրում ապրող երեխաները փոքր հասակից շփվում են ամենօրյա աշխատանքին` օգնելով մեծերին` սեփական հողամասը մշակելու, անասունները պահելու, բերքը հավաքելու, ունեցածը իրացնելու հարցերում: Գյուղական դպրոցն իր ծրագրերում պետք է հաշվի առնի այս հանգամանքը և ապահովի, որ երեխան կարողանա դպրոց բերել իր կյանքի սեփական փորձը և դպրոցում ստացածը կարողանա կիրառել իր առօրյա գործերում: «Երեխայի տեսակետից դպրոցի ամենամեծ թերությունը դպրոցից դուրս ձեռք բերված փորձը դպրոցում ազատ և ամբողջությամբ օգտագործելու անհնարինությունն է, և հակառակը՝ դպրոցում սովորածը ամենօրյա կյանքում կիրառել չկարողանալը: Սա է դպրոցի կտրվածությունը կյանքից: Այսպիսով, ի վիճակի չլինելով օգտագործել երեխայի ամենօրյա փորձը, այլ ճանապարհով և զանազան այլ մեթոդներով է դպրոցը ջանում դպրոցական պարապմունքների նկատմամբ հետաքրքրություն առաջացնել» գրել է Ջոն Դյունին իր «Դպրոցը և հասարակությունը» աշխատության մեջ: Երեխաների ծնողների մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր կարող են իրենց փորձը և գիտելիքները փոխանցել երեխաներին, հատկապես արհեստների ուսուցման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հարցերում: Ծնողների ներգրավումը իրենց երեխաների կրթության գործում կնպաստի համայնքի զարգացմանը:
«Բաց դպրոցը» հոգալու է գյուղի ապագայի մասին՝ դաստիարակելով ժամանակակից գյուղի բնակիչ` լայն մտահորիզոնով մարդ, հողի  կիրթ, մրցունակ տեր, ով պատրաստ է հաջողությամբ աշխատել նոր տնտեսկան պայմաններում, ակտիվ քաղաքացու, ով ի վիճակի է երկրում արմատական փոփոխություններ կատարելու: Դպրոցը կձերբազատվի պարազիտիկ(մակաբույծ)՝ ոչ ստեղծարար, ոչ արտադրական (արտադրողական) ուսումնական աշխատանքից: Յուրաքանչյուր ուսուցչի (մասնագետի), սովորողի, դպրոցի յուրաքանչյուր օղակի (արհեստանոց, խումբ, ծառայություն, (պարտադիր, սովորողի ընտրությամբ, լրացուցիչ դասընթաց)) կողմից կրթական ամեն մի նախաձեռնություն, ուսումնական ամբողջ աշխատանքը կիրագործվի հասարակական-անհատական կոնկրետ պահանջարկ ունեցող ծառայությունների  և (կամ) ապրանքների տեսքով: Հավաստի և օպերատիվ, յուրաքանչյուրին տեսանելի ներկայացնելով ուսումնառության արդյունքում և դրա միջոցով ստեղծվող ապրանքների ու ծառայությունների քանակը, ծավալն ու տեսականին՝ կրթական գործունեության գնահատման նոր համակարգ կձևավորվի. հասարակական կյանքին լիարժեք ներառված սովորող (այդ թվում հատուկ պայմանների կարիքով և արտակարգ ունակություններ դրսևորած) ու մասնագետ քաղաքացիների պատրաստում: Հենց դպրոցական հասակից երեխաները պետք է ընդգրկվեն համայնքի առջև կանգնած մարտահարավերները հաղթահարելու գործում` սկսած սեփական ներդրումներից մինչև համապատասխան պետական և ոչ պետական կառույցների հետ հարաբերվելը:
«Բաց դպրոցը» հնարավորություն է տալիս դպրոցի միջոցները օգտագործելու ոչ միայն կրթական պրոցեսում անմիջականորեն ընդգրկվածների համար, այլ ամբողջ գյուղի բնակիչների համար` դառնալով գյուղական համայնքի սոցիալ-մշակությաին, տեղեկատվական-լուսավորչական կենտրոնը, հնարավորություն տալով օգտվելու տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներից, այդ թվում` ինտերնետից: Դպրոցն իր ֆիզիկական և մտավոր հնարավորությունները տրամադրում է համայնքին` մշակութային, կրթական, լուսավորչական աշխատանքների կազմակերպման համար: Դպրոցական գրադարանը` ինտերնետին միացված համակարգիչներով, գյուղի բնակիչներին հնարավրություն կտա օգտվելու աշխարհի փորձից: Այս հարցում երեխաները կդառնան իրենց ծնողներին սովորեցնողը և խորհրդատուն: Նրանք իրենց ծնողներին կսովորեցնեն օգտվել ժամանակակից տեխնիկական, տեղեկատվական միջոցներից: Ավագների և փոքրերի այդպիսի հարաբերությունները կնպաստեն մեծերի և փոքրերի  հակադրության նվազեցմանը:
«Բաց դպրոցը»` որպես հասարակական նախաձեռնությունների և երեխաների ու մեծերի քաղաքացիական կրթության կենտրոն, օգնում է գյուղի բնակիչներին` կազմել գյուղական խմբեր` գյուղի տնտեսական, բարեգործական, կրթական և այլ տեսակ խնդիրներ լուծելու համար: Այսպիսի խմբերում, որոնք կկազմվեն կոնկրետ նախագծերի իրականացման համար, միասին կաշխատեն և’ երեխաները, և’ մեծահասակները, ինչը հնարավորություն կտա նրանց շփվելու ոչ ֆորմալ իրավիճակներում, սովորելու միամյանցից և սովորեցնելու միմյանց: Երեխաները կվարժվեն բարեգործական աշխատանքներ կատարելուն` սկսած այն ընտանիքներին օգնելուց, որոնք տարբեր աշխատանքներում զգում են դրա կարիքը, մինչև համայնքի համար իրականացվող աշխատանքներին մասնակցությունը:
«Բաց դպրոցը»` որպես մարմնամարզական-առողջարարական կենտրոն, հնարավորություն է տալիս ստեղծել գյուղական բնակչության տարբեր խավերի համար առողջարարական գործունեության համակարգ և նրանց մոտ առաջացնել առողջության նկատմամաբ գիտակցական վերաբերմունք, հնարավորություն է տալիս համայնքի բնակիչների զգալի մասին զբաղվել մարմնամարզությամբ և սպորտով: Դպրոցը իր սպորտդահլիճը և մարզահրապարակը տրամադրում է համայնքի բոլոր անդամներին: Մարմնամարզական և սպորտային խմբերը հնարավորություն են տալիս համայնքի տարատարիք անդամներին՝ համախմբվել միասնական գործի շուրջը, շփվել, սովորել և սովորեցնել: Այստեղ կարող են համայնքի տարբեր անդամներ հանդես գալ, որպես սպորտային խմբերի ղեկավարներ: Սպորտային հրապարակը պարբերաբար կդառնա համայքնի անդամների հավաքատեղի, ինչը կնպաստի համայնքի ամրապնդմանը, երեխաների մոտ համագործակցային կարողությունների զարգացմանը:
«Բաց դպրոցը»՝ որպես գյուղատնտեսական կրթության կենտրոն, ուղղված է երեխաների, երիտասարդների և մեծերի` գյուղական վայրերում ապրելուն և աշխատելուն նախապատրաստմանը, նպատակաուղղում է ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների և հաջողակ ու արդյունավետ մեթոդների գործնականում տիրատեպտմանը: Այս հարցում կարևորվում է մեծերի փորձն ու կրթությունը, ինչում ակտիվորեն կարող են ներգրավվել երեխաները` ժամանակակից տեխնիկայի արագ տիրապետման իրենց կարողությունով, օտար լեզուների իրենց իմացությամբ: Այդպիսի համագործակցությունը կհանգեցնի գյուղական կյանքի ժամանակակից մենեջերի ձևավորմանը, ով կարողանում է կազմակերպել ոչ միայն սեփական տան աշխատանքները, այլ նաև մասնակցում է համայնքի առջև կանգնած տնտեսական-կազմակերպչական խնդիրների լուծամանը:
«Բաց դպրոցը»՝ որպես էկոլոգիական, գեղարվեստա-գեղագիտական կրթության կենտրոն, հարավորություն է տալիս երեխաների, երիտասարդների և մեծերի գեղարվեստական  կարողությունների զարգացման և գեղագիտական ճաշակի ձևավորման համընդհանուր ծրագիր իրականացնել: Մանկավարժների, ծնողների, երեխաների ընդհանուր ուժերով ստեղծվում է գեղագիտորեն գրավիչ կրթա-մշակութային միջավայր: Կրթական գործի կարևորագույն խնդիրներից մեկը շրջակա տարածքի պահպանումն է՝ սկսած դպրոցական, գյուղական միջավայրից, վերջացրած երկրի և աշխարհի տարածքներով: Սեփական բակի, դպրոցի, գյուղի, հանարապետության, աշխարհի էկոլոգիական խնդիրները դառնում են համայնքի յուրաքանչյուր անդամի խնդիրները: Համայնքի անդամների Էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը իրականացվում է գործնական ճանապարհով. այն է չկեղտոտել, մաքրել ինչպես սեփական համայնքը, այնպես էլ այն տեղերը, որտեղ նա կգտնվի: Այս հարցում շատ են կարևորվում սովորողների ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունները, կրթական փոխանակումները, ինչը սովորողներին Հայաստանը, այլ վայրերում ապրող իր հասակակիցներին ճանաչելու, նրանց հետ շփվելու, միասին դժվարություններ հաղթահարելու հնարավորություն է տալիս:  Ավանդույթների, ծեսերի պահպանումը և դրանց միջոցով երգի, պարի ուսուցումը կարևոր գործոն է երեխաներին անճաշակ երաժշտությունից, պարից հեռու պահելու գործում:
«Բաց դպրոցի» բաղադրիչներ և մասնակիցներ են.
•    Դպրոցը
•    Ուսուցիչները
•    Սովորողները
•    Ծնողները
•    Համայնքը
•    Գործընկեր կազմակերպությունները
•    Բարերար անհատները:
Դպրոցը իր ղեկավարով և ուսուցչական կազմով կազմակերպում է այս բաղադրիչների  արդյունավետ փոխհամագործակցությունը: Դպրոցը ցույց է տալիս խնայող կազմակերպման օրինակ, որի գործունեությունը բաց է համայնքի և հասարակության լայն խավերի առաջ: Դպրոցի ծախսերը մինչև վերջ թափանցիկ ու վերահսկելի դարձնելու, նախահաշիվների կազմմանը, ծախսերի կատարմանը և դրանց նկատմամբ պատասխանատվությանը բոլորին մասնակից դարձնելու միջոցով տնտեսական գործունեության նկատմամբ դպրոցի յուրաքանչյուր անդամի՝  ուսուցչի, սովորողի շահագրգիռ-նպատակային, խնայող (հաշվող, չափող, վերահսկող) վերաբերմունք կձևավորվի: Դպրոցը ամենամյա հաշվոտվություն է ներկայացնում հասարակությանը՝ այդ նպատակի համար օգտագործելով նաև դպրոցի էլեկտրոնային կայքը:
Դպրոցն իր հերթին կազմված է տարբեր բաղադրիչներից.
•    Դասասենյակներ
•    Գրադարան
•    Ճաշարան-սրճարան
•    Արհեստանոցներ
•    Լաբորատորիաներ
•    Ագրո-փորձարարական կենտրոն
•    Բազմաֆունկցիոնալ դահլիճ
•    Մարզադահլիճ և սպորտհրապարակ:
Դասասենյակները լուսավոր են, հարմար՝ անհատապես և խմբերով ուսանելու համար: Դրանք մաքուր պահելը և դասասենյակներում սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը սովորողների առաջնահերթ խնդիրներից է` որպես ինքասպասարկման աշխատանք: Դասասենյակները հարմարեցված են դասապրոցեսում ժամանակակից ՏՀ միջոցների օգտագործման համար:
Ճաշարան-սրճարանը  ոչ միայն սնունդ ընդունելու վայր է, ալլ նաև ուսումնական լաբորատորիա, որտեղ երեխաները սովորում են պատրաստել, մատուցել, իրենց տներից բերել ավանդական ճաշերի պատրաստման բաղադրատոմսեր, փորձարկել, պատրաստել նոր ճաշատեսակներ: Երեկոյան ժամերին այն կծառայի, որպես սրճարան, որտեղ կհավաքվեն գյուղի երիտասարդները` հաճելի միջավայրում հանգստանալու, զրուցելու, հաճելի երժշտություն լսելու, պարելու: Երեկոյան սրճարանը աշխատանքային փորձառություն կլինի սովորողների համար:
Գրադարանը դպրոցի բաղադրիչներից ամենակարևորն է: Այստեղ է, որ դպրոցի սովորողները և համայնքի անդամները հնարավորություն ունեն ծանոթանալու, շփվելու մեծ աշխարհին: Գրադարանը` ինտերնետին միացված համակարգիչներով հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բնակչի՝ փնտրել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթանալ աշխարհի նորություններին: Գրադարանը նաև հնարավորություն է տալիս համայնքի անդամներին՝ պահպանել, ուրիշներին ներկայացնելիրենց ունեցածը և ստեղծածը: Գրադարանը օգտագործվում նաև մեծերի կրթության գործում: Երեկոյան ժամերին գրադարանի աշխատանքների կազմակերպումը աշխատանքային փորձառություն կլինի սովորողների համար:
Դպրոցական արհեստանոցները այն վայրերն են, որտեղ սովորողները ձեռք են բերում տեխնոլոգիական կարողություններ: Այստեղ այդ կարողությունները ձեռք են բերվում որոշակի անհրաժեշտ աշխատանք կատարելու միջոցով: Արհեստանոցների աշխատանքներում կընդգրկվեն ծնողներ և համայնքի այլ անդամներ, ովքեր սիրով իրենց իմացածը կփոխանցեն երեխաներին: Արհեստանոցներում պատրաստվում են դպրոցի ագրո-փորձարարական կենտրոնի համար անհրաժեծտ մասեր, դետալներ, իրականացվում են հետազոտական-նախագծային աշխատանքներ: Արհեստանոցները նաև կատարում են այլ պատվերներ՝ կահույք դպրոցի եւ համայնքի բնակիչների համար, փեթակներ և այլ: Դպրոցական լաբորատորիաները ծառայում են ոչ թե տարբեր առարկաների ժամերին փորձեր ցուցադրելու, այլև սովորողների՝ աշխատանքի ընթացքում տառաջացած խնդիրների վերաբերյալ հեռազոտական աշխատանքներ կատարելու նպատակով:
Դպրոցի ագրո-փորձարարական կենտրոնը  «Բաց դպրոցի» կարևորագույն  բաղադրիչն է, որտեղ բոլոր երեխաները սովորում են աշխատելով և հնարավորություն ունեն կիրառելու իրենց սովորածը աշխատանքում: Ագրո-փորձարարական կենտրոնը իր մեջ ներառում է անասնապահական ֆերմա, ջերմոց, մեղվապահական բաժին, մրգատու ծառերի այգի, ցանովի հողատարածք, մեքենայական պարկ, դեղաբույսերի հավաքման և մշակման բաժին, ծաղկանոց: Այս կենտրոնում իր ուսումնական ժամանակի մի մասն է անցկացնում սովորողներից յուրաքանչյուրը: Կենտրոնի արտադրանքի սպառումը կազմակերպվում է սովորողների միջոցով: Այստեղ նրանք սովորում են նաև կազմակերպել ուրիշների աշխատանքը, վերլուծել կենտրոնի աշխատանքը, գտնել ուժեղ և թույլ կողմերը, վերլուծությունների արդյունքում առաջարկություններ անել: Այստեղ ձևավորվում է ֆերմերը, գյուղական գործի ապագա մենեջերը: Փորձարարական կենտրոնից ստացված միջոցները կարող են օգտագործվել դպրոցի կարիքների, սոցիալապես անապահով սովորողներին օգնելու, սովորողների ճամփորդությունները կազմակերպելու, սովորողներին, ուսուցիչներին խրախուսելու, նոր նախաձեռնություններ ֆինանսավորելու համար: Այս կենտրոնը՝ որպես ագրարա-ուսումնական հարթակ, ծառայելու է նաև այլ ուսումնական հաստատությունների սովորողների համար:
Բազմաֆունկցիոնալ դահլիճը  դպրոցի կարիքներից բացի կսպասարկի համայնքի պատվերները: Այդտեղ կկազմակերպվեն տարբեր տեսակի հավաքներ, դասախոսություններ, կինոդիտումներ, համերգներ և այլ տեսակի միջոցառումներ:
Մարզադահլիճը և սպորտհրապարակը կծառայեն սովորողներին և համայնքի այլ անդամներին` առողջարարական, մարզական, սպորտային խմբերի պարապմունքների համար: Գյուղը կունենա նախընտրած սպորտաձև, որից գյուղի թիմը ճանաչում կունենա հանրապետությունում:
2011թ. հուլիսի 28-ին  ՀՀ կառավարության հաստատած «Հանրակրթության պետական չափորոշիչ» փսատաթղթում, պետությունը ձևակերպել է այն պահանջները, որոնք ներկայացնում է հանրակրթական դպրոցի սովորողին ու շրջանավարտին: ՄԱԿ-ի «Հանուն կայուն զարգացման կրթության ուղիները» ծրագրի պահանջն է «հիմնական ուշադրության վերակողմնորոշում` գիտելիքների ապահովումից խնդիրների մշակման և հնարավոր որոշումներ գտնելու ուղղությամբ: Այսպիսով` կրթության մեջ անհրաժեշտ է պահպանել առանձին առարկաների դասավանդման ավանդական շեշտադրումը` միևնույն ժամանակ ստեղծելով հնարավորություններ կյանքի իրավիճակների բազմաբնույթ և միջճյուղային վերլուծության համար: Այս ամենը կարող է ազդել ուսումնական ծրագրերի և դասավանդման մեթոդների կառուցվածքի վրա, որը ուսուցիչներից պահանջում է հրաժարվել իրենց` բացառապես փոխանցողների, իսկ սովորողներից` բացառապես ընդունողների դերակատարումներից: Դրա փոխարեն նրանք պետք է գործեն համատեղ»։

«Բաց դպրոցի» ուսումնական պլանների հիմքում դրված են լինելու հանրակրթության չափորոշչով որոշված հենքային ուսումնական պլանը` իր պարզաբանումներով` հաշվի առնելով գյուղի դպրոցի առանձնահատկություները և պահանջները: Այդ  ուսումնական պլանները թույլ են տալիս զուգակցել պետական և անհատի  կրթական պատվերները. յուրաքանչյուր սովորողի ուսումնական ծանրաբեռնվածությունը բաղկացած է ընդհանուր հանրակրթությունից, ընտրությամբ պարտադիր և լրացուցիչ ուսումնական գործունեությունից: Այդպիսի զուգակցումը հնարավորություն է տալիս սովորողին՝ բացահայտել և զարգացնել իր նախասիրությունները և ունակությունները: Ուսպլանում ընդգրկված նոր դասընթացներն ուղղված են լինելու գյուղական աշխատանքների` գյուղական մենեջերի կայացմանը:
Սովորողների համար հետազոտական աշխատանք կատարելը դառնալու է սովորելու մեթոդ։ Նրանք իրենց գործունեության ընթացքում որպես միջոց ազատ օգտվելու են  համակարգչից, թվային այլ տեխնիկական միջոցներից, համացանցային ռեսուրսներից, օտար լեզուներից։ Դպրոցի սովորողները սահմանված կարգով մասնակցելու են ուսումնական ճամփորդությունների, հայրենիքի ճանաչման, նրա խնդիրների բացահայտման աշխատանքներին, կրթական փոխանակումներին։
«Բաց դպրոցի» ուսուցիչը իրեն կզգա տվյալ սոցիալ-մշակութային միջավայրի լիիրավ անդամ: Նրա աշխատանքը չի սկսվելու և ավարտվելու դասասենյակում: Ուսուցիչը, հատկապես գյուղի բնակիչ մանկավարժը, ներգրավված կլինի «Բաց դպրոցի» բոլոր նախաձեռնություններում: Կարևորվում են ուսուցչի մասնագիտական, անընդհատ սովորելու, խմբում աշխատելու, ՏՀ միջոցներ օգտագործելու կարողությունները:
Համայնքի յուրաքանչյուր ծնող իր երեխայի կթության պատվիրատուն և պատասխանատուն պետք է լինի: Նա դպրոցի զարգացման իրական մասնակից, պատվիրատու պետք է լինի: «Բաց դպրոցը» որպես բաց կրթական համայնք, սովորողների  ծնողներին կներառի այն չափով ու այնպես, որ յուրաքանչյուր ծնող մասնակցի իր երեխայի ուսումնառությանը նաև որպես կոնկրետ ուսումնական բնագավառի խորհրդատու-փորձագետ, կամավորական աշխատանք կատարող, համայնքի տեսուչ. հետևողական ջանքեր կգործադրի դպրոցում իրականացվող ծրագրերն ավելի ամբողջական ճանաչելու: Ծնող ասելով՝ նկատի ունենք ոչ միայն երեխայի  հորն ու մորը, այլև երեխայի վրա ուղղակի ազդեցություն ունեցող ավագ եղբորն ու քրոջը, պապին և տատին: Ծնողի յուրաքանչյուր բողոք, կարծիք, առաջարկ (որևէ կերպ հնչեցրած) կարժանանա հարգալից վերաբերմունքի, պատշաճ կհաշվառվի, կուսումնասիրվի, կպարզաբանվի: Կարվեն երեխայի շահերի պաշտպանությանն ուղղված գործնական հետևություններ: Ծնողի առաջ դպրոցում փակ դուռ, փակ թեմա  չի լինի:
Ավելի ու ավելի լիարժեք կգործածենք տեղեկատվական նոր տեխնոլոգիաները, թվային նոր տեխնիկական միջոցները: Դպրոցում կիրականացվի «Մենք մի համայնք ենք» ուսումնական-հասարակական նախագիծը: Ծնողները պետք է համագործակցեն ուսուցիչների հետ` իրենց երեխայի կրթական հետագիծն ընտրելիս և այն իրականացնելիս: Ծնողը իրեն պետք է պատասխանատու զգա դպրոցի արդյունավետ գործունեության համար: Նա պետք է պատրաստ լինի սովորելու իր երեխայից և նրա ընկերներից, միևնույն ժամանակ իր իմացածը փոխանցելու նրանց: Ծնողները պետք է ակտիվորեն մասնակցեն հասարակական, էկոլոգիական նախագծերին, համայնքի կյանքին` դրանով օրինակ ծառայելով իրենց երեխայի ու նրա ընկերների համար:
«Բաց դպրոցը» կհամագործակցի այլ ուսումնական հաստատությունների, համայնքների, պետական և հասարակական կազմակերպությունների հետ: Դպրոցի սովորողներն ու ծնողները (ընտանիքները), հասարակության ամենաակտիվ, հասարակություն-դպրոց  համագործակցությամբ շահագրգիռ խմբերն են: Նրանք կգիտակցեն ու կկարևորեն այսպիսի համագործակցությունը հենց իրենց երեխաների շահերի տեսանկյունից, նաև որպես կոնկրետ աջակցություն դպրոցին: Դպրոցը և համայնքը, որքան էլ ընդունակ լինեն, չեն կարողանա ոչ միայն լուծել դպրոցի առջև ծառացած խնդիրները, այլև ձևակերպել դրանք որպես հասարակական-կրթական պատվեր դպրոցին, առանց լայն հասարակության առաջադեմ անհատների (ոչ ֆորմալ խմբերի) ու կազմակերպությունների գործուն մասնակցության: Դպրոց-հասարակություն անջրպետների վերացումը, նոր անջրպետների բացառումը, սովորողի և ուսուցչի ներառումը իրական հասարակական խնդիրների լուծմանը՝  որպես ուսումնական աշխատանք, դպրոցի ուսուցչի հեղինակության բարձրացումը նոր վստահություն և թափ կհաղորդեն նրան:  Դպրոցը կընդունի այլ համայնքների սովորողների` ապահովելով նրանց ապրելու պայմաններով: «Բաց դպրոցի» արդյունավետ գործունեության համար կարևոր են սովորողների և ուսուցիչների կրթական փոխանակումները, ուրիշի փորձի ուսումնասիրությունը և սեփական փորձի ներկայացումը:
«Բաց դպրոց» ծրագրում կարևոր է բարերարների մասնակցությունը: Բարերարներ կարող են լինել ինչպես համայնքի ներկա և նախկին անդամներ, այնպես էլ այս ծրագիրը կարևորող յուրաքանչյուր անձ: Բարերարների ներդրումները կարող են լինել ֆինանսական, տեխնիակական միջոցների, ֆերմայի համար անասուննների, տնկիների, սերմերի տեսքով: Նրանք կարող են կրթաթոշակներ սահմանել ինչպես դպրոցում սովորղների, ուսուցիչների, այնպես դպրոցից հետո գյուղատնտեսական մասնագիտական կրթություն ստացողների համար:
«Բաց դպրոց» ծրագրի համար կարևոր է նրա առկայությունը մեդիա միջավայրում: Դպրոցում ուսումնական պարապմունքների ընթացքում կիրառվում են թվային տեխնիկական միջոցները և ինտերնետը: Դպրոցն ունենալու է ինտերնետային կայք, որով ներկայանալու է աշխարհին: