Մեր դպրոցը

Դեռևս 1894 թ-ից Ծաղկունք գյուղի եկեղեցուն կից գործել է տարրական դպրոցը, որը 1906 թվականից դարձել է 5-ամյա: Այնուհետև 1939թ-ին այն դարձել է 8 ամյա` կից ունենալով նաև մանկապարտեզ: Գյուղի դպրոցը միջնակարգ է դարձել  1994թ-ին: 2006-2007 թթ.   «ԴԱՐ»  հիմնադրամի միջոցներով դպրոցը հիմնովին վերանորոգվել է: Կառուցվել է նոր կաթսայատուն, երկհարկանի շենքին ավելացվել է երրորդ հարկը իր հարմարավետ բազմաֆունկցիոնալ դահլիճով, կահավորվել են բոլոր դասասենյակները, ստեղծվել է համակարգչային դասարան՝ 8 համակարգիչներով եւ այլ մեդիա սարքերով: 2011 թ. «ԴԱՐ»  հիմնադրամը նվիրել է դպրոցին երկու ժամանակակից էլեկտրոնային գրատախտակ, չորս համակարգիչ, թվային  ֆոտոխցիկներ եւ այլ մեդիա սարքեր,  ապահովել է դպրոցի ջրամատակարարումը: Դպրոցում այժմ սովորում է 130 աշակերտ: Մանկավարժական կոլեկտիվը բաղկացած է 24  ուսուցչից, որոնցից  11-ը գյուղի բնակիչներ են: «ԴԱՐ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շնորհիվ (որոնց թվում է նաեւ հասցեագրված օգնությունը նորածիններին, նոր աշխատատեղերի ստեղծումը) ձեւավորվում է ժողովրդագրական բարենպաստ  իրավիճակ եւ սովորողների քանակը մեր դպրոցում տարից տարի ավելանալու է: 2011-2012  ուս. տարվանից սկսած՝  դպրոցում  գործում են  մեդիայի, պարի եւ ֆուտբոլի խմբակները, անգլերեն լեզվի խորացված ուսուցման դասընթացները: 2011 թ. աշնանը  «ԴԱՐ»  հիմնադրամը ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն ներկայացրեց «գյուղական բաց դպրոց»  ծրագրի հայեցակարգը,  համաձայն  որի, Ծաղկունքի դպրոցը  պետք է դառնա գյուղատնտեսական կրթության կենտրոն՝ ուղղված դպրոցում սովորողների, համայնքի երիտասարդների` գյուղական վայրերում ապրելուն և աշխատելուն նախապատրաստմանը, ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների և հաջողակ ու արդյունավետ մեթոդների գործնական տիրատեպտմանը: «ԴԱՐ» հիմնադրամը դիմեց  նաեւ ՀՀ Կառավարություն՝ Ծաղկունքի միջնակարգ  դպրոցին հատուկ  իրավաբանական կարգավիճակ շնորհելու խնդրանքով, ինչը  թույլ կտար արագ եւ արդյունավետ իրականացնել  գյուղական բաց դպրոցի ծրագիրը: ՀՀ Կառավարության  2011 թ. դեկտեմբերի 8-ի որոշմամբ   «Ծաղկունքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը  վերակազմակերպվեց «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի: Համաձայն Կառավարության կողմից հաստատված հիմնադրամի կանոնադրության՝ հիմնադրամը կառավարվում է  յոթ հոգուց բաղկացած Հոգաբարձուների խորհրդի կողմից,  որը կազմված է կրթության եւ գիտության նախարարության, «ԴԱՐ» եւ «ԱՅԲ» հիմնադրամների, Ծաղկունք համայնքի ներկայացուցիչներից: Հիմնադրամի հիմնադիրն է՝ ՀՀ կառավարությունը, լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Հաշվի առնելով դպրոցի ներկա կարգավիճակն ու Կանոնադրությունը՝ մենք իրագործում ենք «բաց դպրոցի» հայեցակարգը: Այսպիսին էր դպրոցը մինչեւ 2007 թ.